Հայաստանի էլեկտրական ցանցեր

Էլեկտրաանվտանգության կանոններ

Սիրելի՛ երեխաներ,

Զգուշացե՛ք բոլոր տեսակի էլեկտրալարերից՝ շենքի տանիքին, նկուղում, փողոցում, օդապարուկով, գնդակով խաղալիս կամ ձկնորսության ժամանակ. ոչինչ չպետք է դիպչի լարերին: Չի՛ կարելի խաղալ, խարույկ վառել, դյուրավառ նյութեր շարել էլեկտրալարերի մոտ և օդային գծերի տակ:

Ոչ մի դեպքում ձեռք մի՛ տվեք վնասված վարդակներին և պոկված, ընկած կամ կախված էլեկտրալարերին, քանի որ դրանցում կարող է էլեկտրական լարում լինել:

Եթե պայթյուն եք լսում հեռուստացույցից կամ մեկ այլ էլեկտրական սարքից, կամ էլ կայծեր են թռչում դրանցից, խուճապի մի՛ մատնվեք: Ձեռք մի՛ տվեք խրոցին և դրա մասին շտապ հայտնե՛ք մեծերին:

Տնից դուրս գալիս անպայման անջատե՛ք էլեկտրական սարքերը:

Լոգարանում էլեկտրական սարքեր մի՛ միացրեք. հատակին թափված ջուրը կարող է էլեկտրականության հաղորդիչ դառնալ: Խուսափե՛ք թաց ձեռքերով հոսանքին մոտենալուց:

Էլեկտրական հոսանքի բաշխիչ ենթակայանների կամ այլ շենքերի պատերին, մուտքերում տեղադրված խցիկների վրա հանդիպող հատուկ նշանը զգուշացնում է, որ հարկավոր է հեռու մնալ այդ տարածքից ու խաղալու համար այլ վայր գտնել: Չի կարելի պոկել այդ նշանները և վտանգել մյուսների կյանքը:

Ուշադի՛ր և զգույշ եղեք նաև կայծակի ժամանակ: Փակե՛ք դռներն ու պատուհանները, անջատե՛ք էլեկտրական սարքերը, առաջին հերթին հեռուստացույցը, որովհետև կայծակը շատ է սիրում հարվածել սուր ծայրեր ունեցող երկաթներին, ինչպիսին հեռուստացույցի ալեհավաքներն են: Եթե փողոցում եք գտնվում, ապա փորձեք տուն կամ ավտոմեքենայի մեջ մտնել: Խուսափեք մենավոր ծառերից, էլեկտրալարերից, կանգառների ծածկերից ու մետաղյա իրերից: Մի՛ մոտեցեք լճերին ու գետերին:

Եթե տեսնում եք, որ մեկ այլ երեխա խախտում է անվտանգության կանոնները, կանգնեցրե՛ք նրան, զգուշացրե՛ք վտանգի մասին, եթե դա չի օգնում, հայտնե՛ք մեծերին: Այդպես գուցե դուք փրկում եք նրա կյանքը:

Էլեկտրականության հետ կապված ցանկացած վտանգավոր թվացող բան տեսնելիս անմիջապես զանգահարե՛ք 1-80 հեռախոսահամարով և տեղյակ պահեք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներին

Առաջին օգնություն էլեկտրհարված մարդուն

Էլեկտրահարության դեպքում անմիջապես հարկավոր է շտապօգնություն կանչել 1-03 հեռախոսահամարով և էլեկտրահարվածին ինքնուրույն առաջին օգնություն ցույց տալ:

Շատ հաճախ տուժածի կյանքը կարելի է փրկել միայն առաջին 4-5 րոպեների ընթացքում, այնպես որ, հարկավոր է շատ արագ գործել:

Կանչե՛ք մեծերին, անմիջապես ոչ հաղորդիչ նյութով անջատե՛ք էլեկտրական սարքը կամ հեռու շպրտեք էլեկտրալարը, որից էլեկտրահարվել է տուժածը:

Արագ պառկեցրե՛ք էլեկտրահարվածին, թեթևակի հետ կախեք գլուխը և որևէ փափուկ բան դրեք ոտքերի տակ: Ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք նրան կանգնել, շարժվել, անգամ եթե նրան թվում է, որ ինքն արդեն շատ լավ է զգում և չունի վնասվածքներ:

Եթե էլեկտրահարվածն ուշագնաց է եղել, սակայն շնչառության ու անոթազարկի հետ ամեն ինչ կարգին է, թուլացրե՛ք հագուստի կապերը, գոտին, ապահովե՛ք մաքուր օդ նրա համար և մոտեցրե՛ք նրա քթին անուշադրի լուծույթ:

Իսկ եթե նա չի շնչում, սիրտը չի բաբախում, պետք է արհեստական շնչառություն տալ նրան: Խորը շու՛նչ քաշեք և արտաշնչե՛ք նրա քթանցքերի կամ բերանի մեջ (եթե արտաշնչում եք բերանի մեջ, ապա փակե՛ք բերանը, որպեսզի օդ դուրս չգա): Արհեստական շնչառությանը զուգահեռ մերսե՛ք տուժածի սիրտը: Խաչե՛ք ձեր ձեռքերը ափերի մեջ և, առանց արմունկները ծալելու, սեղմումներ կատարեք նրա կրծքավանդակի վրա՝ լանջուկից (կենտրոնից) 2 մատ վերև, մեկ անգամ մեկ վայրկյանում:

Մերսումները կատարեք 5 անգամ, իսկ արհեստական շնչառությունը՝ 2, և ապա նորից կրկնե՛ք նույնը: Մի՛ դադարեցրեք առաջին բուժօգնությունը մինչև բժիշկների ժամանումը: Չի կարելի նաև տուժողին որևէ դեղամիջոց տալ առանց բժիշկների նշանակման:

Խնայում ենք էլեկտրաէներգիան

Իհարկե, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ապահովում է ձեզ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ ծավալով, բայց էլեկտրաէներգիան նույնպես անսպառ չէ, և պետք է այն խնայել: Իսկ դա այնքան էլ դժվար չէ: Օրինակ.

  • Սենյակից դուրս գալիս անպայման անջատե՛ք լույսը:
  • Երբ հոգնում եք հեռուստացույցից ու համակարգչից, անջատե՛ք դրանք:

Միշտ հիշեք, որ էլեկտրաէներգիա արտադրելիս բնությունն աղտոտող թափոններ են առաջանում, և խնայելով էլեկտրաէներգիան՝ դուք խնայում եք նաև բնությունը:

Էլեկտրախնայող լամպերն անհամեմատ ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում, այդ պատճառով էլ ողջ աշխարհում այսօր նախապատվությունը տալիս են դրանց: