Հայաստանի էներգետիկան ավելի քան 100 տարվա պատմություն ունի: 1903թ.-ին հիմնված առաջին հիդրոէլեկտրակայանը կարևոր նշանակություն ուներ Սյունիքում սկսված պղնձարտադրության էներգամատակարարման գործում:
ԽՍՀՄ փլուզումը բերեց Հայաստանի տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխության, որի արդյունքում 1992-1995 տարիների ընթացքում երկիրը էներգետիկ ճգնաժամի առջև կանգնեց: Բաշխիչ ընկերություններում չափազանց ծանր իրավիճակ էր ստեղծվել. հսկողության և հաշվառման բացակայություն, օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ցածր մակարդակ, համատարած հափշտակումներ, ցանցերի բազմակի գերբեռնվածություն և, որպես դրա հետևանք` վթարներ, որոնք ուղեկցվում էին ուժային և օժանդակ սարքավորումների շարքից դուրս գալով: Այդ ամենը բերեց նրան, որ 1996 թ.-ին ստեղծվեցին 64 ցանցային պետական ձեռնարկություններ, որոնք օժտվեցին հատուկ պարտավորություններով և պատասխանատվությամբ էլեկտրաէներգիայի վաճառքի համար:
Բայց այս կառույցը երկար կյանք չունեցավ: Արդեն իսկ 1997 թ.-ին ընդունվեց «Էներգետիկայի մասին» օրենքը և ստեղծվեց էներգետիկայի կարգավորման հանձնաժողովը, որը սկիզբ դրեց էներգետիկ համակարգի վերակազմավորմանը և առևտրայնացմանը` հիմնված պարտականությունների բաժանման վրա արտադրության, փոխանցման, կարգավորման և բաշխման միջև:
Այսպես գործողության դրվեց աստիճանական անցումը ուղղահայաց ինտեգրացված կառուցվածքից` հորիզոնականի: Համախմբման եռանդուն գործընթացի արդյունքում 64 փոքր, անարդյունավետ գործող ցանցային ձեռնարկությունների փոխարեն կազմվեցին 11 խոշոր ձեռնարկություններ: Հետագայում դրանք միավորվեցին 4 տարածաշրջանային, իսկ 2002 թ.-ից` Հայաստանի միասնական բաշխիչ էլեկտրական ցանցի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեջ: Ընկերության սեփականատեր դարձավ «Midland Resources Holding» ընկերությունը:
2006 թ.-ին «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը մտավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի խմբի կազմի մեջ: 2015 թ. սեպտեմբերի 30-ին ՛՛Ինտեր ՌԱՕ՛՛ և ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների Խմբի միջև պայմանագիր ստորագրվեց Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների ձեռքբերման վերաբերյալ:
2017թ. ապրիլի 14-ից Ընկերության բաժնետերերն են հանդիսանում ՛՛Տաշիր կապիտալ՛՛ ընկերությունը՝ 70% և LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ 30% բաժնեմասով:
«ՀԷՑ» ՓԲԸ Գլխավոր տնօրենն է Կարեն Հարությունյանը: