ԲԱԺԱՆՈՐԴԻ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ
Նորություններ
10.06.2013
Մանկական տոն

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ ս.թ. հունիսի 7-ին անցկացրեց բարեգործական ակցիա Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ: Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նախասրահում կազմակերպվել էր տոնական միջոցառում Գավառի, Վանաձորի և Երևանի Նորքի մանկատների սաների, ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների երեխաների համար: Թատրոնի փոքրիկ այցելուներին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ` հեքիաթային հերոսներ, անիմատորներ, ծաղրածուներ, աճպարարներ, ակրոբատներ, ինչպես նաև հյուրասիրություն, փուչիկներ և նվերներ: Ուրախ մրցույթները, ակտիվ խաղերը, հնարամտության և ճարպկության առաջադրանքները երեխաներին հիացմունք պատճառեցին ու երջանկացրին շատ մանկական սրտեր: Ակրոբատների հետաքրքիր համարները գերեցին իրենց համարձակությամբ և յուրօրինակությամբ: Սակայն տոնն այդքանով չավարտվեց. խաղերից և հյուրասիրությունից հետո երեխաները դիտեցին Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները: Ներկա էին նաև «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ու «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Ե. Բիբինը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել հոգածության և ուշադրության կարիք ունեցող երեխաների կյանքում: Ուրախ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կազմակերպած միջոցառումը դուր եկավ երեխաներին: Բարեգործությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդույթներից է: Բանկը միշտ պատրաստ է աջակցել սահմանափակ կարողություններով երեխաներին ինտեգրվել հասարակություն»: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Բիբին. «Երեխաները մեր ընկերության բարեգործական ծրագրի առաջնահերթ ուղղությունն են: Մենք պատասխանատու ենք նրանց առջև: Ծնողազուրկ, առանց ծնողների խնամքի և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ադապտացիան, երեխաների ու պատանիների մտավոր, ստեղծագործական կյանքի զարգացման աջակցությունը այն խնդիրներն են, որոնցով մենք զբաղվում ենք արդեն 10 տարի: Ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ նրանց համար տոն ենք կազմակերպում»: