՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը էլեկտրացանցային համակարգի կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակներում 2013 թվականին կիրականացնի 70 ուժային տրանսֆորմատորների կապիտալ վերանորոգում:
Ծրագրով նախատեսված է 110 կՎ 19 և 35 կՎ 51 ուժային տրանսֆորմատորների վերանորոգում, որը քանակային առումով 44%-ով բարձր է 2012 թվականի ցուցանիշից: Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 186 մլն դրամ ($450 հազ.):
Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ինչպես ՛՛ՀԷՑ՛՛ ընկերության ՛՛35-110 կՎ շահագործման ցանցեր՛՛ մասնաճյուղի սեփական ուժերով, այնպես էլ կապալառու կազմակերպությունների ներգրավմամբ: Վերը նշված աշխատանքների կատարումը սեփական ուժերով թույլ կտա նախ՝ կրճատել ծախսերը, երկրորդը՝ սեփական բրիգադներ ձևավորել տվյալ աշխատանքների իրականացման համար:
Կապիտալ վերանորոգման աշխատանքների հիմնական կապալառուն է ՛՛Էներգավերանորոգում՛՛ ընկերությունը, որն ընտրվել է բաց մրցույթի արդյունքում: Տարվա սկզբից կապալառու կազմակերպության կողմից ավարտվել է ինը ուժային տրանսֆորմատորների վերանորոգումը, 6 տրանսֆորմատորներինը՝ ընթացքի մեջ է (դրանցից 2-ը՝ 110 կՎ և 4-ը՝ 35կՎ):
Վերանորոգվող տրանսֆորմատորների աշխարհագրությունն ընդգրկում է ամբողջ հանրապետությունը՝ մայրաքաղաքն ու մարզերը: ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցերում՛՛ համոզված են, որ իրականացվող աշխատանքները հնարավորություն կտան ապահովել էլեկտրացանցային տնտեսության կայուն ու հուսալի աշխատանքի անհրաժեշտ մակարդակը: Կապիտալ վերանորոգումների իրականացումը 2013-2014 թվականների աշնան-ձմռան ժամանակահատվածին նախապատրաստվելու կարևորագույն նպատակներից մեկն է և գտնվում է հատուկ ուշադրության կենտրոնում: