՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը մայիսի սկզբից սկսել է բաշխիչ ցանցերի վերանորոգման տարեկան ծրագիրը Երևանի բազմաբնակարանային շենքերի մուտքերում: Ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն և կվերականգնվեն մի քանի հարյուր մուտքերի ցանցերը:
՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության կապիտալ շինարարության դեպարտամենտի պետ Ռոմանոս Մկրտչյանի խոսքով էլեկտրաբաշխիչ ցանցերի վերանորոգումը բազմաբնակարանային շենքերում անց է կացվում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, որը ակտիվորեն իրականացնում է շենքերի վերանորոգումը: ՛՛Թաղապետարանների հետ համաձայնեցված է այն մուտքերի ցանկը, որտեղ անց են կացվելու տեղական ցանցերի վերակառուցմանն ուղղված աշխատանքները: Խոսքը 150 մուտքերի մասին է Երևանի կենտրոնում ու հարավում, 150՝ հյուսիսում և 120՝ արևմուտքում: Վերջին թիվը պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի նույն ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի արևմտյան հատվածին բավականին լուրջ ուշադրություն է դարձվել: Վերակառուցումը կարևոր է միանգամից մի քանի պատճառով, այդ թվում նաև էլեկտրաանվտանգության:
Մուտքերի վերանորոգմանն ու վերակառուցմանը 2013 թվականին կուղղվի ավելի քան 200 մլն դրամ ($482 հազ.): Աշխատանքները կավարտվեն մինչև 2013 թվականի հոկտեմբերը:
Նշենք, որ արդեն 3-րդ տարին է, ինչ վերը նշված աշխատանքներն իրականացվում են ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության կողմից: Ընկերությունում հաստատեցին, որ մտադիր են ամեն տարի անցկացնել նման և այլ ծրագրեր, որոնք կուղղվեին էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանն ու անվտանգությանը, հաճախորդների հարմարավետությանը: Վերջիններին թվում պետք է նշել ընկերության քաղաքային մասնաճյուղերի տեղամասերի վերանորոգման ու փոխարինման աշխատանքները, որոնք ավելի ճանաչելի ու ժամանակակից են դարձել: Այսօրվա դրությամբ 55 տեղամասերից փոխարինվել են 11-ը, մոտ ժամանակներս կվերանորոգվեն 9: Ժամանակակից պահանջների համապատասխանությունը, հասանելիությունը բոլոր սպառողների համար, աշխարհագրական տեսանկյունից հարմարավետ տարածքները ընկերության գերակա նպատակներից են: