Հայաստանի էլեկտրական ցանցեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Schneider Electric ստորագրեցին համագործակցության հուշագիր

Նորություններ

09.03.2017

Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում կազմակերպությունում (ՄԵԴԵՖ) մարտի 8-ին տեղի ունեցավ ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խմբի, ՛՛ՀԷՑ՛՛ ՓԲԸ և Schneider Electric ընկերությունների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողություն, որին ներկա է գտնվել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

՛՛Տաշիր՛՛ խմբի փոխնախագահ, ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը տեղեկացրերց, որ հուշագրով նախատեսվում է Schneider Electric-ի հետ Հայաստանում համատեղ արտադրության ստեղծում: Արտադրության վերջնարդյունքը լինելու են ցածր լարման վահաններ:

՛՛Ցածր լարման սարքավորումները Հայաստանում 1950-60-ական թվականների են: Դրա հետ կապված ունենք շատ մեծ խնդիրներ թե՛ լարման տատանումների, թե՛ վթարների հաճախականության մասով: Այս համագործակցությունը մեզ բավականին կօգնի: Խորհրդային հին սարքավորումները փոխարինվելու են Schneider-ի սարքավորումներով: Այդ ընկերությունն այս բնագավառում համարվում է համաշխարհային առաջատար՛՛, - նշեց Կարեն Դարբինյանը:

Արտադրվելիք սարքավորումները հոսսնքի լարման տատանման պահին անջատվելու են ու չեն թողնելու, որ տատանումների արդյունքում վնասվեն բնակիչների սարքավորումները:

Schneider Electric ընկերության ԱՊՀ երկրների գծով տնօրեն Յոհան Վանդերպլացն էլ նշեց, որ իրենց արտադրանքն, անշուշտ, նախատեսված է հայկական շուկայի համար, սակայն հաշվի առնելով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, երկիրը գտնվում է բացառիկ դիրքում:

՛՛Տաշիր՛՛-ի հետ դիտարկում ենք արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում ոչ միայն հայկական շուկայի համար, այլև ողջ եվրասիական տարածքի համար, այսինքն՝ արտադրել Հայաստանում և արտահանել Եվրասիական միություն՛՛, - ընդգծեց Վանդերպլացը: